«Holy Grail», ամերիկացի ռեփեր Ջեյ Զիի երգն է, համագործակցությամբ ամերիկացի երգիչ Ջասթին Թիմբերլեյքի հետ։ Երգը թողարկվել է 2013 թվականի հուլիսի 10-ին, որպես Ջեյ Զիի «Magna Carta Holy Grail» կոչվող թվով տասներկուերորդ ստուդիական ալբոմի առաջին սինգլ։ Երգը գրվել է Ջասթին Թիմբերլեյքի, Շոն Քարթերի, The-Dream-ի, Թիմբալենդի, Ջերոմ Հարմոնի, Էռնեստ Վիլսոնի, Կուրտ Կոբեյնի, Դեյվ Գրոլի և Կրիստ Նովոսելիչի կողմից։
Երգը Գրեմմիի 56-րդ մրցանակաբաշխությունում ստացել է «Լավագույն ռեփ/երգող համագործակցություն» մրցանակը։ 2014 թվականի մարտին ամերիկյան «Billboard» ամսագրի կազմած բոլոր ժամանակների թոփ 100 ռեփ երգերի ցանկում «Holy Grail» երգը զբաղեցրել է 25-րդ հորիզոնականը։
Նախապատմություն
«Holy Grail» երգը ձայնագրվել է 2011 թվականին, երբ Ջեյ Զին և ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը համագործակցում էին իրենց համատեղ՝ «Watch the Throne» ալբոմի շրջանակներում։ Քանյե Ուեսթը ի սկզբանե ուզեցել է այդ երգը ներառել իրենց համատեղ ալբոմում, սակայն Ջեյ Զին որոշում է պահել այն իր առաջիկա ստուդիական ալբոմի համար[1]։ Երգի երաժշտության սկզբնական տարբերակը մշակվել է The-Dream-ի կողմից, սակայն վերջնական տարբերակը ստանալու համար նրա հետ նաև աշխատել են Թիմբալենդը և Ջերոմ Հարմոնը։
Երգի խոսքերի մի փոքր հատված վերցված է ամերիկյան Nirvana ռոք խմբի «Smells Like Teen Spirit» սինգլից, սակայն այդ ամենը կատարվել է Քորթնի Լավի թույլատվությամբ, ում պատկանում են այդ սինգլի հեղինակային իրավունքները։ BBC Radio 1-ի հետ հարցազրույցում, Ջեյ Զին համարել է «Holy Grail» երգը որպես «քարտեզ ալբոմի համար»։
Տեսահոլովակ
2013 թվականի օգոստոսի 3-ին Ջեյ Զին KPWR ռադիոկայանի հետ հարցազույցում հայտարարում է որ նա և Ջասթին Թիմբերլեյքը արդեն սկսել են երգի տեսահոլովակի նկարահանումները[2]։ Օգոստոսի 9-ին տեսահոլովակը պաշտոնապես ներկայացվում է Ֆեյսբուքում[3]։ Տեսահոլովակի ռեժիսորն է Էնթոնի Մանդլերը։